Ինչպիսի՞ զարդարանքով դիմավորել 2015 թվականը. խորհուրդներ՝ Սոֆիա Դիլանյանից
Շուտով Ամանոր է: Այն բոլոր տոներից ամենագեղեցիկն ու ամենգունավորն է: Այծի տարում ամանորյա զարդարանքի մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցել է միջոցառումների կազմակերպիչ Սոֆիա Դիլանյանի հետ, ում շատերը քաղաքի գույն են անվանում:
-Որո՞նք են 2015 թվականի գույները:
Եկող տարվա գերակշռող գույներն են կապույտը և կանաչը: Կարելի է օգտվել նաև այն գույներից, որոնք բնորոշ են այծին կամ ոչխարին:
-Ո՞ր աքսեսուարներն են պարտադիր համարվում այս տարվա համար:
Ես պարտադիր բառն այնքան էլ չեմ ընդունում: Կարծում եմ զանգակներ միշտ կարելի է օգտագործել, քանի որ նրանք և՛ խորհրդանշական են, և՛ տոնական շունչ են հաղորդում:
-Տոնական սեղանն ինչպե՞ս և ին՞չ գույներով պետք է ձևավորել:
Այծը շատ է սիրում կանաչը, խոտի երանգները, ուստի կանաչը պետք է գերակշռի սեղանին: Փայտե զանգակներով զարդարանքը ձեր սեղանն ավելի ճոխ կդարձնի:
-Ինչպիսի՞ հագուստն է այս տարի նորաձև համարվում:
Նորաձև են մի քանի շերտից բաղկացած հագուստները, որոնք համադրված են թավշյա ու շատ նուրբ բարակ կտորներով: Գունավոր մորթիները ևս մոդայիկ են:
-Եթե տոնածառ չկա, ինչպե՞ս զարդարել տունը:
Կարելի է ձեռքի տակ եղած յուրաքանչյուր իր օգտագործել: Պարզապես հարկավոր է շարժվել երևակայությամբ և ստեղծել յուրահատուկ մթնոլորտ տանը:
-Տոնածառի զարդարման ձևը պայմանավորվա՞ծ է տվյալ տարով:
Տոնածառի զարդարանքը կախված է այդ պահին ունեցած տրամադրությունից և իհարկե ճաշակից: Այն պարտադիր չէ զարդարել այդ տարվա տենդենցներով: Կարևորը հիշեք, որ այն Ամանորի ամենուրախ ու գեղեցիկ բաղադրիչն է:
Կարինե Գևորգյան