Լուծման ամենամեծ տարբերակը խիղճն է. Արթուր Իսպիրյանը թանկացումների և ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին
Երգիչ Արթուր Իսպիրյանն ինչպես միշտ, անտարբեր չէ երկրում տեղի ունեցող իրադարձություների նկատմամբ: Operativ.am-ի թղթակցը զրուցեց երգչի հետ կապված երկրում առկա թանկացումների, ինչպես նաև ՀՀ-ի՝ ԵՏՊ անդամակցության վերաբերյալ: Զրույցը ներկայացնում ենք ստորև:
-Ի՞նչ կասեք վերջին օրերին թանկացումների վերաբերյալ: Հարցի լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում:
Լուծման տարբերակն այն է, որ առևտրականները չպետք է օգտվեն այդ իրավիճակից, որի արդյունքում արհեստականորեն բարձրացվում են գները: Լուծման ամենամեծ տարբերակը խիղճն է: Եթե խիղճ ունեցան, մնացածն իր հունով կգնա: Շատ օլիգարխներ անպատժելի մթնոլորտում են, և երբ ուզեն, ինչ ուզեն կարող են թանկացնել: Հասարակ մահկանցուն 3 օր թոշակով չի կարող ապրել նման պայմաններում: Փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ գների բարձրացումից հետո, եթե անգամ իջեցում է նկատվում, ապա այն շատ քիչ է իջնում: Խիղճ ունենալ է հարկավոր:
-Եռյակի հետ հույսեր կապու՞մ եք
Ես բոլորի հետ հույս եմ կապում: Ում խոսքը համընկնում է իմ մտածողությանը, ես հույս եմ կապում նրա հետ: Այսօր, թե՛ քաղաքական, և՛ թե տնտեսական շատ վատ կրիտիկական իրավիճակ է: Կցանկանայի եռյակը դառնար քառյակ, հնգյակ և ի վերջո միավորվեին և մտածեին ժողովրդի մասին: Կուզենայի, որ շատ պագամավորներ չլինեն Ազգային ժողովում, քանի որ լսելով նրանց ելույթները ես վախենում եմ, որ իրենք են որոշում մեր ժողովրդի ճակատագիրը:Նրանցից շատերն անգամ դատողություն չունեն, չգիտեն թե ինչ է կատարվում աշխարհում, գոնե արգելեն նրանց ելույթները, քանի որ այն օվկիանոսներ է կտրում, հասնում մեր թշնամիներին և ուրախացնում նրանց:
-ԵՏՄ, թե՞ ԵՄ, և ինչու՞:
Հիմա այնպիսի վիճակ է, որ չեմ կարող ասել ԵՄ, թե՞ ԵՏՄ: Ես ավելի կողմանկից եմ եվրոպական ինտեգրմանը: ԵՄ երկրների զարգացվածությունը տեսնում եմ: ժամանակը ցույց կտա, թեև մենք այնպիսի վիճակում ենք, որ ժամանակ էլ չունենք: Ռուսներն այլևս այնպիսի սրտացավություն չունեն մեր երկրի նկատմամբ, որը եղել է առաջ:
Արթուր Իսպիրյանը կարևորեց նաև ուշադրությունը հայ զինվորի նկատմամբ: Նրա խոսքով՝ զինվորները հոգեկան աջակցության կարիք ունեն: Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն, որ մենք շնորհակալ են նրանց կատարած աշխատանքի համար:
Կարինե Գևորգյան