Ինչո՞ւ է Չարենցի աղջիկն արգելել տպագրել «Գիրք մնացորդաց. անտիպ ժառանգություն»-ը. պարզաբանում է հեղինակը
Չարենցի մահից արդեն 77 տարի է անցել, բայց նրա գրվածքներից ոմանք դեռևս կալանքի տակ են: Չարենցը բազմահազար գրքերի հեղինակ է, բայց նրա գործերը միայն 6 հատորով են հրատարակված, որից հետո լույս է տեսել ևս երեք գործ՝ կազմված վավերագրերից հետո: Դրանցից մեկը «Գիրք մնացորդաց. անտիպ ժառանգություն» ամփոփող գիրքն է, որն այժմ գտնվում է արգելքի տակ:
«Այս գիրքը Չարենցի վերջին ժառանգությունն է, որը 2012 թվականին տպագրվել է պետպատվերով: Գիրքը 500 օրինակով հրատարակվեց, որից հետո Չարենցի դուստրը աղմկեց, որ դա բաց գիրք է և տեղ գտածները հրապարակման ենթակա չեն: Արդյունքում՝ գրքի ողջ տպաքանակը կալանեցին և տարան գրողի տուն-թանգարան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի հեղինակ, գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ըստ գրականագետի՝ գրողի աղջկա այն պնդումը, որ գիրքը հեղինակազրկում է Չարենցին, անհիմն պատճառաբանություն է: «Չեմ կարող ասել՝ սա ինչ էր: Գուցե նախանձ, թշնամանք, բայց սա անարդար է և անօրինական, որովհետև գրողի մահից արդեն 77 տարի է անցել և համաձայն հեղինակային իրավունքի մասին օրենքի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ուսումնասիրել և հրատարակել նրա գործերը»,-նշեց գրականագետը:
Գրականագետը կոչ արեց նաև չխուսափել և չվախենալ էրոտիկ բնույթի բանաստեղծություններից, որոնք տեղ են գտել գրքում, որովհետև դրանք գեղարվեստական են և գեղեցիկ:
Վարդուհի Ստեփանյան