1998թ-ին այս օրը մեզանից հեռացավ Կարպ Խաչվանքյանը
Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923թ. հունվարի 2-ին Ախալցխայում և մահացել է 1998 թ. նոյեմբերի 23-ին Երևանում: Հայ դերասանը, ռեժիսորը, ՀՀ ժողովրդական արտիստը (1957) հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։
1941 - 1944 թթվականին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»),
Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։