Ի՞նչ հագուստ և խնամքի միջոցներ օգտագործել ցրտահարությունից խուսափելու համար. պարզաբանում է մասնագետը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով ցրտահարության մասին, անդրադարձավ դրանց կանխարգելման միջոցներին: Մաշկաբանն ընդգծեց, որ դեմքի ցրտահարություն ավելի քիչ է գրանցվում, քան ձեռքերի, ուստի առավել խնամքի կարիք ունեն ձեռքերը:
«Պետք է օգտագործել ոչ թե կոսմետիկ, սիրուն տեսք ունեցող ձեռնոցներ, այլ տաք ձեռնոցներ: Դեմքը շատ ծածկել պետք չէ, այն շատ չի ցրտահարվում: Ոչ մի դեպքում չի կարելիա շատ ցածր ջերմաստիճանից մտնել տուն և ձեռքերը միանգամից տաք վառարանի դիմաց պահել կամ տաք ջրով լվանալ»,-նշեց բանախոսը:
Մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել խոնավեցնող քսուկներ մաշկի չորությունը վերացնելու համար և խուսափել սնուցողներից, որոնք ճարպ են պարունակում և մաշկի համար այդքան էլ ցանկալի չեն:
Մաշկաբանն անդրադարձավ նաև հագուստին՝ «Այս սեզոնին մենք առավոտյան տանից դուրս ենք գալիս տաք հագնված, մինչդեռ օրվա ընթացքում եղանակը փոխվում է: Մենք նույն հագուստով աշխատում ենք և մեր գերքրտնումը սնկային հիվանդության է բերում կամ էլ ոտնաթաթերի մաշկի թրման, որը սնկային գոյացություններ է առաջացնում: Սրանց ժամանակին ուշադրություն չդարձնելու և բժշկի չդիմելու դեպքում մարդ կարող է լուրջ վնասներ կրել»,-նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է գլխարկներին և աղջիկների համար մեծ կարևորություն ունեցող դեմքի խնամքի միջոցներին, ապա մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել գործվածքից գլխարկներ, որոնք չեն վնասում նաև մազարմատները, իսկ կոսմետիկ միջոցների առնչությամբ բանախոսը նշեց, որ մաշկի առողջության համար ցանկալի է շատ ջուր խմել, խոնավեցնող միջոցներ օգտագործել և խուսափել դիմափոշիներից ու դեմքի կրեմներից՝ «Դեմքի կրեմը մեր մաշկի համար առաջին թշնամին է և ցանկալի է, որպեսզի նման կրեմ օգտագործեք միայն ձեր հարսանիքի օրը» ,-կես կատակ կես, լուրջ եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան