Հացադուլը քաղաքական պայքարի ծայրահեղ միջոց է. Ռուբեն Հակոբյան
Operativ.am-ի թղթակիցը Ազատության հրապարակում զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ.
-Պրն. Հակոբյան, հացադուլը ճի՞շտ քայլ էր:
-Երբ ծայրահեղ քայլի են գնում, ճիշտ կամ սխալ քայլերի մասին խոսել պետք չէ, հացադուլը քաղաքական պայքարի ծայրահեղ միջոց է, որն օրենքի և Սահմանադրության շրջանակներում է: Սակայն իմ տեսածի հիման վրա կարող եմ ասել, որ իշխանությունն արդեն գնում էր սրացման՝ լարվածություն ստեղծելու նպատակով, ինչը տեղի ունեցավ Գեղարքունիքում և շատ հավանական էր, որ արյուն թափվեր: Րաֆֆին բազմաթիվ անգամներ նշել է, որ արյուն չի թափվելու:
-Իսկ երեկվա իր հայտարարության մասին ի՞նչ կասեք, որ իր կյանքի գնով դառնալու է նախագահ:
-Այդ հարցին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը: Բոլոր ճանապարհները փակ են իշխանության հասնելու համար, իսկ քանի որ փակ են, Րաֆֆին ընտրեց այս ճանապարհը:
-Ձեր կարծիքով՝ իշխանությունները որևէ կերպ կարձագանքե՞ն հացադուլին:
-Իշխանություններին հարցրեք:
-Նկատի ունեմ ունե՞ք որևէ ակնկալիքներ, որ իշխանությունները որևէ կերպ արձագանքեն հացադուլին:
-Ինձ թվում է՝ իրենք լավ չեն պատկերացնում իրավիճակը, իրենց արձագանքները ցույց են տալիս, որ համարժեք չեն գնահատում իրավիճակը:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը