Ո՞րտեղ է Սոնան գոռալու իրավունք ձեռք բերում
Հայկական հեռուստատեսությունում պարբերաբար անիմաստ աչքերով, կարճ խելքով, երկար ոտքերով հայտված թիթեռնիկները իրենց չմտածված խոսքերով որոշ խամրածների դիմում են որպես հայտնի, մեծություն, տաղանդ, հայ ազգի հանճար, վերջն ես դու և այլն: Այսօր այդ ամենի բերքը քաղում ենք մենք: Ցանկացած կարճամիտ ու թերարժեքության բարդույթով օժտված անձ իրեն պատկերացնում է ամպերից էլ վեր: Նրանք մեղավոր չեն, մեղավորը նրանց մեծարողներն են, և այդ մարդկանց ուղեղն այլևս ընդունակ չէ առողջ քննադատություն լսելու:
Սոնա, սովորական երգչուհի է: 1991թ. մասնակցել է «Առավոտյան աստղ» մրցույթին, հասել է եզրափակիչ փուլ, միայն հասել է: «Օվացիա» մրցույթում առաջադրվել է որպես լավագույն ռոք երգչուհի: Միայն առաջադրվել է: Տարբեր մարդկանց անվան մշակութային տներում ելույթ ունենալն էլ զարդարում են նրա կենսագրության էջերը: Սովորական ժանր, լացակումած երգեր և մեկ հայտնի կատարում. «Все пройдет»: Բայց նա նյարդայնանում է, երբ նրան ուղղակի ճիշտ խորհուրդ են տալիս: Բա ով լինի չնյարդայնանա, «Մեր Բակի» չորս կտորանոց նախադասությունից հետո ժյուրիի աթոռ:
Արտո Թունջբոյաջյան. Gremmy և BBC Worlds Music Awards մրցանակակիր է, տիրապետում է գրեթե բոլոր երաժշտական գործիքներին, բայց ընտրել է պերկուսիան և անվանել «ավանգարդ ֆոլկ երաժշտություն»: Նրա երաժշտական յուրօրինկության մասին կարելի է անվերջ խոսել: Աշխարհահռչակ երաժիշտների հետ հանդես գալն էլ նրա համար երբեք երազանք չի եղել: Սակայն եթե որևէ նախագծի ժամանակ նրան նստեցնում են միևնույն աթոռին՝ Սոնային հավասար, այ այստեղ էլ Սոնան գոռալու իրավունք է ձեռք բերում: Աստիճանները պետք է ըստ հերթականության լինեն և գեղեցկության համար ժյուրի չպետք է նշանակվեն:
Լսված բան է, թույլերը միշտ գոռում են, «թռնում» հարցերից. Սոնան ասում է, որ առանց խոսքերի ինքն էլ երգ ունի, թե ի՞նչ երգ, չի պատասխանում: Ռուսաստանում ծվարելուց հետո, երբ հանկարծ մարդուն դնում են կոմպոզիտորի տեղ կչկչոցն ավելի բարձր է լինում: Նրա մյուս սխալն էլ այն էր, որ իրեն համեմատում է Արտո Թունջբոյաջյանի հետ: Մենք այսպիսի ու շատ ավելի լուրջ ապտակներ շատ ենք ուտելու: Նրանք իրենց նման էլ դաստիարակում են այն պատանիներին, ովքեր իրենց թիմում են: Փոխարենը պետք է ընդունել խորհուրդն և ունակ լինել շտկելու:
Լավ չի, Սոնա, եթե նույնիսկ սխալ նկատողություն են տալիս, հարձակվելու ընդունակություններդ այլ տեղ դրսևորի: Ինչու՞ պետք է քննադատելուց կամ խորհրդից քո մասնակիցը ոչ թե ձգտում ձեռք բերի այլ հուզվի: Մտածել է պետք Սոնա, թե չէ միայն սիրուն հագնվում ու քեզ ես գովում, որ ի՞նչ լինի: Քեզ սերունդ են վստահել, ողբալ մի սովորեցնի:
Բեթղեհեմ Արաբյան