Ադրբեջանը հավակնում է իրավունքներ ձեռք բերել հայկական եկեղեցիների հանդեպ. Գրիգորի Այվազյան
Ադրբեջանը հավակնություն է առաջադրել Ադրբեջանական-Աղվանական եկեղեցու հանդեպ իր իրավունքների հաստատման համար: Եթե Ադրբեջանի իրավունքները այս եկեղեցու հանդեպ ճանաչվեն, ապա սա հենք կդառնա Ղարաբաղի, Երուսաղեմի և Ադրբեջանի տարածքներում ևս պատմամաշակութային տարածքների հանդեպ հավակնությունների ներկայացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Մենք առաջարկում ենք հետևյալը. քանի դեռ այս քայլը չի արել ադրբեջանական կողմը, հայկական կողմը կարող է նույն քայլն անել՝ վերականգնելով աղվանական եկեղեցու հանդեպ իր իրավունքները Էջմիածնի կաթողիկոսության ներքո: Սա լավագույն ճանապարհն է կանխարգելելու այս միջադեպը»,-այսպիսի այլընտրանքային լուծում առաջարկեց ադրբեջանագետը:
Վերջինս նկատեց, որ այս քայլը ավելի քան հրատապ է, քանի որ Ադրբեջանի կողմից այս ծրագրի իրագործմանը լծված է պետությունը՝ իր ողջ ներուժով, դրա համար անհրաժեշտ է , որպեսզի բացի պատկան մարմիններից, այս մասին տեղյալ լինի տեղի և դրսի հայ հասարակությունը:
Վարդուհի Ստեփանյան