Ջոլին ներկայացրել է իր լիամետրաժ ֆիլմը՝ ռեժիսորը հենց ինքն է

Անջելինա Ջոլին ներկայացման կարիք չունի:
Դառնալով ՄԱԿ-ի փախստականների գծով բարի կամքի դեսպան՝
դերասանուհին շատ երկրներ է այցելել, որոնք տնտեսական
ճգնաժամ են ապրում կամ տառապում են ռազմական կոնֆլիկտների
պատճառով: Բազմաթիվ անգամներ գրվել է նրա ահռելի չափի
բարեգործությունների մասին: Ջոլին նույնիսկ գիրք է հրատարակել,
որի հիմքում ընկած են նրա օրագրերը:
Վերջերս նա ներկայացել է որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր, որտեղ
ներկայացրել է իր բարի կամքի դեսպանի փորձը: Ջոլիի «Արյան և
մեղրի երկրում» ֆիլմը սիրո պատմություն է, որը կարող էր տեղի
ունենալ, եթե չլիներ պատերազմը: Բոսնիայի և Սերբիայի միջև
ռազմական կոնֆլիկտի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարների համար Ջոլին սկզբունքորեն
հրաժարվել է հրավիրել հոլիվուդյան իր գործընկերներին և իր ընտրությունը կայացրել է տարածաշրջանում
ապրող դերասանների միջև: Գլխավոր դերակատարներն են բոսնուհի Զանա Մարյանովիչը և հարավսլավ
Գորան Կոստիչը:
Սյուժեի համաձայն՝ բալկանյան Ռոմեոն և Ջուլետան հանդիպել և սիրահարվել էին պատերազմից քիչ առաջ:
Նրանց անձնական ողբերգությունը սկսվում է այն ժամանակ, երբ նրանք հայտնվում են ռազմաճակատի
տարբեր կողմերում:
Թե ինչքանով է հաջողվել Ջոլիի ռեժիսորական աշխատանքը, կդատի հանդիսատեսը: Ինքը՝ Ջոլին, չի զղջում
իր որոշման համար: «Ես գոհ եմ ստացվածից: Կարևորը, ես ցանկացել եմ փոխանցել, որ ռազմական
կոնֆլիկտներին միջամտելը խաղաղության նպատակով անհրաժեշտ է այդ վայրագությունները դադարեցնելու
համար»: