«Երրորդմասցի Լյովիկ»-ի և նրա ընկերների սպանությունն իրականացրել է «Գաստիկ»-ը` իր 2 ընկերոջ հետ
Ինչպես հայտնի է մարտի 4-ին կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ: Կրակոցների հետևանքով սպանվել էր երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի (Մոսո): Այս աղմկահարույց սպանությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում` դառնալով քննարկման առարկա:
Բազմիցս շրջանառվում է «Գաստիկ» մականունով անձը, ով անմիջական կապ ունի այս աղմկահարույց սպանությունների հետ: Նշված անձը կոնֆլիկտ է ունեցել «Երրորդմասցի Լյովիկ»-ի հետ: Կոնֆլիկն ունեցել է իր տրամաբանական շարունակությունն առ այն, որ «Գաստիկ»-ն առևանգել է «Երրորդմասցի Լյովիկ»-ի ընկերներից մեկին և գցել շան բունը: Առևանգված անձն ազատվելով, պատմել է իր հետ տեղի ունեցածը, ինչն էլ ավելի է խորացրել արդեն առկա կոնֆլիկտը: Այս ամենը հանգեցրել է նրան, որ «Երրորդմասցի Լյովիկ»-ը որոշել է վրեժ լուծել ու ծեծի է ենթարկել «Գաստիկ»-ին` վերջինիս տան դիմաց: Ծեծը հանգեցրել է նոր և առավել սուր վրեժխնդրության` սպանության: «Գաստիկ»-ն այդպիսով, չկարողանալով այսպես ասած կուլ տալ ծեծը, որոշել է իր ընկերների հետ, որոնցից մեկի մականունը «Ծըգլ» է, սպանել «Երրորդմասցի Լյովիկ»-ին և նրա ընկերներին` Դրոյին և Մոսոյին:
Նշենք, որ «Գաստիկ»-ը, ով ևս հանդիսանում է երրորդմասցի, 2008 թվականին ձերբակալված է եղել կապված «Քաղցրիկ» ՍՊԸ-ի սեփականատերեր Աշոտի, Գագիկի և նրանց որդիների միջև տեղի ունեցած սպանությունների և կոնֆլիկտների պատճառով: