ՆԳ նախարարը ծանոթացել է Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին, ապա՝ խոհրդակցություն անցկացրել
Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը շրջել է ստորաբաժանման տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, տրանսպորտային միջոցների հնարավորությանն ու տեխնիկական հագեցվածությանը։
Ջոկատի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՆԳ նախարարը քննարկել է ստորաբաժանման պայմանների բարելավման հնարավորությունները, լսել նրանց խնդիրները և նախանշել հնարավոր լուծումներ։
Նույն օրը ՆԳ նախարարն այցելել է նաև Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Ծանոթանալով շենքային պայմաններին՝ նախարարն ընդգծել է, որ ստորաբաժանումն իր տեխնիկական և տրանսպորտային միջոցների համալրվածությամբ կարող է օրինակ ծառայել մյուսների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։
Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։ Նա շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ բարեխիղճ ծառայության համար։
Անդրադառնալով փրկարարների ատեստավորման գործընթացին՝ ՆԳ նախարարը խոսել է մասնակցության ակտիվացման և սոցիալական երաշխիքների բարելավման մասին։
Քննարկվել են նաև կարգապահական ու շենքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր։