Ինչպես են մարզերում նշել սեպտեմբերի 1-ը (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 1-ին Հայաստանը նշում էր Գիտելիքի և դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Արարատի մարզում մեծ շուքով տոնեցին գիտելիքի օրը:
Մասիս համայնքի բոլոր դպրոցներում կազմակերպվել էր միջոցառումների շարք, սակայն առավոտը յուրահատուկ կերպով սկսվեց Մասիսի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Մասիսի զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքների շնորհիվ այսուհետև սա այն դպրոցն է, որտեղ կուսուցանվեն ֆրանսերենի խորացված դասընթացներ ահնհրաժեշտ սարքերով հագեցած դասարաններում: Միջոցառմանը հրավիրված էին ինչպես դպրոցի ծնող շրջանավարտներն ու քաղաքապետարանի աշխատակիցները, այնպես էլ Մասիսի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները: Հնչեցին շնորհակալկան և շնորհավորանքի խոսքեր, որից հետո հնչեցին զանգերը, որոնց ներքո առաջին դասարանի աշակերտներն ու նրանց ավագ ընկերները գնացին իրենց դասարանները:
Առաջին դասարանի աշակերտները նվերներ ստացան Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից, որից ստացած մեծ տպավորություններով շարունակեցին տոնել գիտելիքի օրը երեկոյան:
Ֆրանկոֆոնիայի բուլվարում մասիսցիները մեծ շուքով տոնեցին սեպտեմբերի 1-ը: Adibekyan Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել էր համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Սոֆի Դևոյանի անվան մշակույթի կենտրոնի, «Ծիծեռնակ» պարարվեստի թատրոն ստուդիայի, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաներն ու Արմելադ պարային համույթը: Համերգին ներկա էին Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանի տիկինը` Սուսաննա Առաքելյանը և դուստրը` Էլեանորա Ադիբեկյանը։
Նշենք, որ համերգի կազմակերպմանը մեծապես աջակցել էր Սուսաննա Առաքելյանը։
Համերգի սկզբում Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական ղեկավար Տիգրան Առաքելյանը շնորհավորեց բոլոր դպրոցականներին, ուսանողներին և կրթության բնագավառի աշխատակիցներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ, որից հետո ներկայացրեց հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններն ու առաջիկա աշխատանքները` կապված ֆրանսերենի խորացված ուսուցման հետ:
Համերգային ծրագիրն ավարտվեց բարձր տրամադրությամբ, որն ապահովեցին DJ Mon և DJ Elf եղբայրները:
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայումս կենտրոն է այցելում մինչև 18 տարեկան 120 երեխա:
Ալվարդ Հարությունյան, Մասիսի զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու