«Արի իմ սոխակ». նահատակների ոգեկոչման հուզիչ արարողություն՝ Հայաստանում
Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակի օրվան նախորդող ավանդական ջահերով երթն այս տարի տեղի չունեցավ՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով:
Նահատակների ոգեկոչման արարողությունն այս տարի տեղի ունեցավ աննախադեպ ձեւաչափով: Ուղիղ ժամը 21.00-ին երեք րոպե ղողանջեցին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, ինչից անմիջապես հետո անջատվեցին Երեւանի եւ մարզերի բոլոր փողոցների ու հրապարակների լույսերը: Քաղաքացիները նույն ժամին անջատեցին բնակարանների լույսերը եւ պատուհանների մոտ վառեցին մոմեր կամ միացրին հեռախոսի լույսը՝ այդպիսով միանալով կառավարության հայտարարած «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային:
րանից անմիջապես հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Անմար կրակի մոտ հնչեց «Արի իմ սոխակ» օրորոցային երգը:
Ազդեցիկ եւ հուզիչ այս ոգեկոչման արարողությանը քաղաքացիները հնարավորություն ունեցան հետեւելու ուղիղ միացմամբ:
Նշենք, որ այս տարի առաջին անգամ Ծիծեռնակաբերդի բարձունքն ապրիլի 24-ին մարդաշատ չի լինի: Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները փակ կլինեն: Անմար կրակի մոտ նահատակների հիշատակը կհարգեն եւ ծաղիկներ կխոնարհեն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հուշահամալիր կգնան առանձին խմբերով:
Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։