« «Վճարունակ չես՝ դուրս արի», իրերս դուրս կհանի, դուռն էլ կփակի, ի՞նչ կանեմ այդ ժամանակ». Քաղաքացիները բողոքում են, պարտադրված պարապուրդի մատնվելու պատճառով կարող են փողոցում հայտնվել
Այն բանից հետո, ինչ Կառավարությունը հայտարարեց այն կետերը և պայմանները, որոնց համապատասխանելու դեպքում քաղաքացիները կարող են ստանալ համապատասխան փոխհատուցում՝ Կորոնավիրուսի պատճառով պարտադիր պարապուրդի մատնվելու արդյունքում, Operativ լրատվականը ստանում է բազմաթիվ ահազանգեր բորբոքված քաղաքացիներից, որոնք պնդում են, թե ևս կորցրել են իրենց աշխատանքը, ապրուստի միջոցը, բայց և ոչ մի կետի չեն համապատասխանում, որով կկարողանային մի փոքր թեթևացնել իրենց ֆինանսական սուղ վիճակը:
Operativ լրատվականը զրուցել է Տիկին Սուսաննայի հետ, ով բնակվում է վարձակալական հիմունքներով, և մինչ Կորոնավիրուսի` մեր երկիր ներթափանցելը աշխատել է որպես դայակ:
Պարզ է, որ նա չէր կարող լինել գրանցված աշխատող, չունի նաև անչափահաս երեխաներ, հետևապես և փոխհատուցման ծրագրերը իրեն չեն վերաբերո՞ւմ:
«Ես ապրում եմ վարձով, իմ ռոճիկը ստանում էի օրավարձով, թեև հայտարարում են մեր պատկան մարմինները և իշխանությունները, որ օրավարձով աշխատող մեր երկրում չկա, բա ես ի՞նչ եմ: Հիմա երկրում համաճարակ է, բնականաբար, ես դայակ լինելով, նստած եմ տանը, որովհետև երեխայի ծնողը ինքն էլ է տանը և իմ ծառայությունների կարիքը չունի: Որ եկավ բնակարանի վարձի մուծման օրը, ես ի՞նչ անեմ, որտեղից տամ այդ գումարը: Իսկ տան տերն էլ կասի՝ «Վճարունակ չես՝ դուրս արի, իրերս դուրս կհանի, դուռն էլ կփակի, ի՞նչ, փողոցում հայտնվե՞մ»,- բորբոքվում է քաղաքացին:
Նա նշեց նաև, որ պակաս խնդիր չէ սննդամթերքի գների խիստ աճումը՝ օրեցօր: Թեև կրկին ասում են, որ զգալի գնաճ երկրում ճկա, բայց և քաղաքացիները պնդում են՝ ամեն բան թանկացել է:
«ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհուրդ էր տալիս, Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները: Բայց չէ որ դրա համար էլ է գումար պետք»,- վրդովվեց քաղաքացին:
Մեկ այլ ահազանգ ստացանք երիտասարդ օրիօրդից, ով չցանկացավ ներկայանալ, բայց նա ևս անհանգստացած էր իր վաղվա օրով:
«Ես բնակվում եմ վարձով, աշխատում էի ուսումնական հաստատություններից մեկի ճաշարանում, բայց գրանցված աշխատող չէի, որովհետև թեև ուսումնական հաստատությունը պետական հիմնարկ է, բայց ճաշարանը՝ մասնավոր սեկտորի է պատկանում: Աշխատանքի ընդունվել եմ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, միշտ պարտաճանաչ մեր գործատուն վճարել է: Հիմա, ինչպես բոլորը, մարտի 13-ից չենք աշխատում, բնականաբար, չենք վճարվում, մի քիչ հոգեպահուստ գումար ունեի, դրանով բնակվարձս վճարեմ, բա ինչ գումարով սնվեմ,- հարց է տալիս աղջիկը և ավելացնում, ես ծնող չեմ, ամուսնացած չեմ, անչափահաս երեխաներ չունեմ, գրանցված, փաստորեն չեմ եղել, և ոչ մի ծրագրից, չեմ կարող օգտվե՞լ, բա հիմա ինչ ե՞մ անելու, և նման խնդրի առջև, վստահ եմ, մենակ ես չեմ, այլ հազարավոր իմ պես քաղաքացիներ, ովքեր բարեխղճորեն աշխատել են, բայց այսօր ոփոխհատուցման ծրագրային կետի չեն համապատասխանում: Գուցե արժեր նաև մեզ պեսների համար որևէ կետ ավելացնել»,- բորբոքվում է մեզ դիմած օրիորդը:
Նշենք, ի դեպ, որ մի շարք քաղաքացիներ էլ պնդում են՝ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Կառավարության թեժ գծերը չեն պատասխանում՝ անկախ ժամից և օրից:
Operativ լրատվականի թղթակիցը ևս երեկ փորձել է կապ հաստատել Կառավարության 117 կարճ համարին, ինչպես նաև Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության վեբկայքում նշված հեռախոսահամարին՝ 521431, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք նաև, ավելի վաղ Operativ լրատվականը հղում կատարելով News.am լրատվականին, հաղորդել էր մի ընտանիքի մասին, որի մայրը ևս ահազանգում էր սուղ պայմաններից և այն մասին, որ երեխաները սոված են:
Ցավոք, վստահ ենք, նման ահազանգեր տարբեր լրատվական խմբագրություններ էլի կլինեն, քանի որ մեր երկիրը ավելի շատ, քան որևէ այլ երկիր, պատրաստ չէր Կորոնավիրուսի հարվածներին: