Երեկ հակառակորդի գնդակից զոհված Հովսեփ Անդրեասյանն առաջիկա ամիսներին պետք է զորացրվեր
Ինչպես հայտնել էինք մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:
Հովսեփ Սամսոնի Անդրեասյանն Արարատի մարզի Մխչյան գյուղից էր: Զոհված ծինծառայողի մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Մխչյանի գյուղապետի հետ:
«Ընտանիքում երկու քույր, ու մի եղբայր ունի: Հայրը,մայրը սովորական գյուղական կյանքով ապրող մարդիկ են: Հայրը հիմնականում արտագնա աշխատանքի է գնում, սակայն դեպքի ժամանակ այստեղ էր»,-ասաց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հովսեփը 20 տարեկան էր և դեռ չէր հասցրել որևէ տեղ սովորել: Առաջիկա զորացրմանը պետք է վերադառնար տուն:
Գյուղապետը հայտնեց նաև, որ Հովսեփի մարմինը դեռ չեն բերել Ղարաբաղից, և հավանաբար, հոգեհանգիստը վաղը տեղի կունենա:
«Ընտանիքի պնդումներով` հոգեհանգիստը տանը տեղի կունենա, իսկ թաղման օրը` հրաժեշտի արարողությունը գյուղի մշակույթի տանը կկազմակերպվի»,-ավելացրեց Խաչիկ Պողոսյանը: