Մենք մեր ազատությունը շատ հեշտ մատուցեցինք մեր բարեկամներին. Դավիթ Գասպարյան
Մի բան է, որ մենք գիտենք մեր թերությունները, մեկ այլ բան է, երբ դրսից են մեզ դա ասում: Սա անարգանք ու վիրավորանք է: Եթե անգամ սրանում ճշմարտություն կա, ապա ասելիքը պետք է բարեկիրթ ձևով ասվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությանը` Հայաստանում ռուսերենի իմացության վերաբերյալ: Վերջինս ընդգծել է, որ ռուսերենը պետք է ընդունել Հայաստանում որպես երկրորդ լեզու:
«Ես դեմ եմ այլալեզու կրթությանը հայկական դպրոցներում: Այժմ մեր դպրոցներում թե′ ռուսերենի, թե′ անգլերենի և թե′ հայերենի ուսուցման խնդիր կա: Դպրոցը պետք է այնպիսին կրթություն տա, որ մեր երեխաները դժվարություններ չունենան լեզվով խոսելիս, բայց մեր դպրոցները նման որակ չեն ապահովում: Պահանջները մի բան են, մինչդեռ պետք է կարողանալ եղած հնարավությունները ճիշտ օգտագործել»,-նշեց բանախոսը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանը կորցրել է իր դիրքերը: «Հարցը հետևալն է, արդյոք Ռուսաստանը նման կերպ կխոսեր Ադրբեջանի կամ Վրաստանի հետ: Մենք մեր ազատությունը շատ հեշտ մատուցեցինք մեր բարեկամներին»,-նշեց բանախոսը՝ շեշտելով, որ թեև հայկական կողմը բարեկամության կողմնակից է, բայց բարեկամությունը չպետք է այսպիսին լինի:
Վարդուհի Ստեփանյան