Ռիժկովը ղալաթ է կերել, որ նման արտահայտություն է արել. Արտեմ Հարությունյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ մտավորականերն անդրադարձան օրերս ռուս պաշտոնյա Նիկոլայ Ռիժկովի՝ Հայաստան կատարած այցին: Բանախոսների ուշադրության կենտրոնում Ղարաբաղի վերաբերյալ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությունն էր: Իր խոսքում ռուս պաշտոնյան նշել էր, որ Ղարաբաղը Հայաստանի տարածք չի համարում:
Ըստ գրականագետ, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի՝ չնայած ռուս պաշտոնյաների հնչեցրած որոշ արտահայտությունների՝ ռուս պաշտոնյաների ցանկացած այց Հայաստան դրական է եղել: Մինչդեռ անդրադառնալով Ռիժկովի հայտարարությանը` բանախոսը նշեց, որ Ռիժկովը ղալաթ է կերել, որ նման արտահայտություն է արել:
«Ռուսաստանը մեր մեծագույն դաշնակիցն է բոլոր առումներով: Հայաստանը մի կաթիլ է մուսուլմանական օվկիանոսում, ուստի մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի աջակցությունը: Հայ-ռուսական ստրատեգիաները համընկնում են, իսկ թե ինչ կասեն առանձին մարդիկ, դա արդեն կարևոր չէ»,-իր խոսքում նշեց բանախոսը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատեց, որ Ղրիմ-Ղարաբաղ համեմատության մեջ առավել շահեկան դիրքում է Ղարաբաղը, որը հայկական հող է, իսկ Ղրիմը նվաճված հողերի ամբողջություն:
Վարդուհի Ստեփանյան