Սահմանադրագետը մի շարք փակագծեր է բացել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում մի շարք փակագծեր է բացել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, նա հայտնել է, թե ինչպես է նախատեսվում երկրի նախագահի ընտրությունը' կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում:
Հիշեցնենք, հայեցակարգի առաջին տարբերակում նշվում էր, որ հանրապետության նախագահին ընտրում է ԱԺ-ն' 7 տարի պաշտոնավարման ժամկետով, նույն մարդը նախագահ կարող է ընտրվել մեկ անգամ: Նոր տարբերակում ժամկետներ սահմանված չեն, ընդամենը նշվում է, որ երկրի նախագահի լիազորությունների ժամկետն ավելի բարձր պետք է լինի, քան ԱԺ լիազորությունների ժամկետը:
Խոսքը 6 կամ 7 տարվա պաշտոնավարման մասին է' առանց վերընտրության հնարավորության: «Որպեսզի նա քաղաքական կախվածություն չունենա», - ասել է Վարդան Պողոսյանը: Նա նշել է, որ նոր նախագծում մեկ կարևոր փոփոխություն է մտցվել: «Հիմա մենք չենք բացառում նաև, որպեսզի հնարավորություն լինի հանրապետության նախագահին ընտրել ավելի լայն ինչ-որ մի մարմնի կողմից, որն իր մեջ անպայմանորեն կներառի ամբողջ ԱԺ պատգամավորներին, բայց դրանից զատ' կարող է ներառել ՏԻՄ ներկայացուցիչներին:
Մենք չենք բացառում նաև, չնայած դրա վերաբերյալ երկար քննարկումներ չեն եղել մեր հանձնաժողովում, որ նաև սփյուռքի ներկայացուցիչներ կարող են այդ ընտրական մարմնում ներգրավվել: Բայց մեր նախնական պատկերացումներն այնպես են, որ ամեն դեպքում դրանք պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, որովհետև մենք ընտրում ենք ՀՀ պետական մարմին կամ պաշտոնատար անձ' հանրապետության նախագահ, և բնականաբար, այդ ընտրության իրավունքը պետք է լինի ՀՀ քաղաքացիներինը:
Այսինքն' հանրապետության նախագահի ընտրության տեսանկյունից մենք հայեցակարգով, ըստ էության, բացառում ենք ուղղակի ընտրությունը, և դա պետք է տեղի ունենա անուղղակի ընտրության միջոցով' կամ ԱԺ-ի, կամ' այդ ընդլայնված ընտրական մարմնի միջոցով: Դրա հիմնավորումը կայանում է նրանում, որ հանրապետության նախագահը, ի տարբերություն գործող համակարգի, այլևս չի ունենալու քաղաքական այնպիսի դերակատարում, որ ունի գործող համակարգում:
Եվ քանի որ նա չի ունենալու քաղաքական մեծ դերակատարում, ապա բոլորովին էլ արդարացված չէ նրա ընտրությունը ամբողջ ընտրազանգվածի կողմից: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա պետք է ասի, որ բարեխղճորեն կկատարի Սահմանադրության պահանջները, բայց նաև որևէ քաղաքական ծրագիր չունի ներկայացնելու հանրությանը»»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: