«Կյանքիս վերջ եմ տալու». աղջիկն իմացել է, որ հայրը սպանել է մորը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսնու դանակի հարվածներից մահացած 62-ամյա Մելանյա Պողոսյանի դուստրը՝ Լուսինե Մնացականյանը երեկ կեսօրին է իմացել դեպքի մասին: Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի հարևանուհին՝ տիկին Օֆելյան, հայտնել է, որ Լուսինեն ունի 4 տարեկան աղջիկ, ով տառապում է փայծաղի հիվանդությամբ:
Նրան պետք է Գերմանիա տեղափոխեն՝ բուժվելու: Այս նպատակով Լուսինեի ծնողները պատրաստվում էին բնակարանը վաճառել, սակայն, ինչպես հայտնեց հարևանուհին, մահացած կնոջ դուստրն այլևս այդ ուղղությամբ չի մտածում:
«Ասում է՝ կյանքներս խորտակվեց, ինձ էլ ոչ մի բան պետք չի, կյանքիս վերջ եմ տալու: Այսօր առավոտ էր ինձ զանգել, ասում է՝ մամայից նորություն ունե՞ք, զանգում եմ, չի պատասխանում: Նոր բարձրացա տուն, ասում եմ՝ ի՞նչ ասեմ, տղան՝ Էդիկը, ասեց՝ ոչ մի բան մի ասեք, կամ ասեք՝ խանութ է գնացել: Մի երկու ժամ հետո տեսնեմ գոռալով, բղավելով եկավ:
Մորը որ էդ վիճակում տեսավ, ասեց՝ ինչի՞ է գլուխը կարած, դե ես էլ ասեցի, թե ճնշումը բարձրացել է, ընկել է գետնին ու վնասել է գլուխը: Իսկ հետո արդեն իմացավ՝ ինչը ոնց էղավ»,- ասաց Մելանյայի հարևանուհին՝ հավելելով, որ ամուսինը նախկինում կնոջ նկատմամբ բռնություն չի կիրառել, պարզապես ընտանիքում պարբերաբար վիճաբանություններ են եղել, մասնավորապես կապված որդու չամուսնանալու հետ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: