Արցախում կվերանայվի հասարակական տրանսպորտի սակագինը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն իր կարճատև պայքարի ընթացքում հասել է որոշակի հաջողությունների: Ճիշտ է' թեպետ նրանց դեռ չի հաջողվել հասնել երթուղայինի գինն անփոփոխ թողնելուն (70 դրամի փոխարեն քաղաքացիներն այժմ վճարում են 100 դրամ), բայց հասել են նրան, որ բանակցություններ են տարվում սակագինը վերանայվելու ուղղությամբ:
Նախաձեռնության ներսում կարևոր արդյունք են համարում նաև այն, որ իշխանություններն աննախադեպ դաս ստացան հասարակության կողմից, բացի այդ, Արցախում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է պայքարել սեփական իրավունքների համար, և իշխանությունները պետք է հասկանան, որ այլևս հնարավոր չի լինելու առանց լայն հանրային քննարկումների ծածուկ որոշումներ կայացնել կարևոր հարցերի շուրջ:
Նախաձեռնության անդամների խոսքով, այսպիսի հարցերում իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ժողովրդի հետ: «Քննարկվել են փոխհատուցման մի շարք տարբերակներ՝ իրենց ռիսկերով ու առավելություններով հանդերձ, նախարարը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքները, և պայմանավորվեցինք շարունակել ուսումնասիրությունները՝ դրանք վերջնականացնելու նպատակով»,- ասաց Մարինեն՝ ավելացնելով, որ պայքարը կշարունակեն մինչև վերջ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: