Այս պահին մարզերում ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
Ներկայումս մարզեում ցրտահարության վտանգ չկա: Այս մասին այսօր լլրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով եղանակային պայմաններից, տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը:
«Բացասական ջերմաստիճաններ, իհարկե, սպասվում են, մինչդեռ մարզերում այս պահի դրությամբ ցրտահարվող ոչինչ չկա: Բերքը գրեթե հավաքված է, բանջարաբոստանային կուլտուրաներ արդեն չկան, այնպես որ լուրջ վնասներ չեն սպասվում»,-նշեց բանախոսը:
Բանախոսը հավելեց, որ Արարատյան դաշտում կան տեղեր, որտեղ բերքավաք չեն իրականացրել, մինչդեռ ԱԻՆ-ը բացասական ջերմաստիճան տարածքի համար չի կանխատեսել: Մասնագետն ընդգծեց, որ թեև այստեղ ջերմաստիճանը ցերեկը կիջնի 10 աստիճանով, բայց գիշերային ջերմաստիճանը 4-5 աստիճանից ցածր չի լինի:
Վարդուհի Ստեփանյան