Հասարակության դեգրադացման աստիճանը մեծանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է' երգչուհի Եվա Ռիվասի կողմից «Հայաստանի ձայնը» նախագծում մրցավարական կոճակը ոտքով սեղմելու փաստը հանգիստ չի տալիս մեր հազարավոր հայրենակիցների, ովքեր իրենց վրդովմունքի և քննադատության տարափը չեն դադարեցնում սոցիալական ցանցերում, տարբեր լրատվամիջոցներում, և ինչու չէ' նաև բակային և երթուղային տաքսիներում ընթացող քննարկումներում:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով էր երգչուհու նման պահվածքը գեղեցիկ, նկատենք, որ հանրության արձագանքը, մեղմ ասած, համարժեք չէր ո՛չ ծավալի, ո՛չ էլ բովանդակության առումով: Ի վերջո, խոսքն ընդամենը երաժշտական շոուի մասին է, իսկ շոուն նաև այդպիսի արտառոց և ոչ սովորական բաղադրիչներով է դիտարժան դառնում: Մինչդեռ մեր՝ չափազանց բարեկիրթ հայրենակիցները, որոնք, ի դեպ, մեծ հաճույքով առավոտից երեկո դիտում են շատ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայկական սերիալները, երգչուհու արարքը դարձրել են «հայոց հարց»:
Իրականում այս կեղծ բարեպաշտության դրսևորումը մեր հասարակության արժեքային համակարգի դեգրադացիայի մասին է խոսում, հատկապես, երբ հիշում ենք, որ նույնպիսի, անգամ տասնակի պակաս ընդվզում և ըմբոստացում չեղավ, երբ, օրինակ, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն իր շուկայի ոսկերիչների հետ վարվելով սեփական ճորտերի նման' ջարդուխուրդ արեց նրանց սեղաններն ու հրամայեց դուրս նետել պատուհաններից: Եվ այս ամենը' մեր տեսախցիկի առջև»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: