Որքանո՞վ է Հայաստանին ձեռնտու Իրանի հետ տնտեսական ազատ գոտու ստեղծումը. պարզաբանում է քաղաքագետը
Վերջին տարիներին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների շրջանակներում մշակված շատ ծրագրեր մնում են չիրագործված: Ըստ քաղաքագետ, վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանի՝ սա երկու պատճառ ունի. Իրանի ֆինանսական միջոցների սղությունը և այն, որ հայ-իրանական հարաբերությունները միայն երկու երկրներից կախված չեն:
«Այժմ քննարկվում է երկու պետությունների տարածքում տնտեսական ազատ գոտի ստեղծելու հարցը: Թեև հիմա ասվում է, որ մենք որոշակի տնտեսական աճ ունենք, բայց դա այդպես չէ: Իսկ Իրանի հետ հարաբերություններում երկու կողմերն էլ ուզում են արտահանողի դերում լինել, ուստի մինչև գոտու ստեղծելը, պետք է հասկանալ, թե ինչ կտա մեզ և Իրանին դրա ստեղծումը, և որ կողմն ավելի շատ օգուտ կկրի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը:
Բանախոսն ընդգծեց, որ ներկա իրավիճակում Իրանին ազատ գոտու ստեղծումը ավելի ձեռնտու կլինի, քանի որ Իրանը տնտեսական ծանր վիճակում է գտնվում:
Քաղաքագետը մտավախություն հայտնեց Իրանի ճանապարհով դեպի Եվրոպա ներմուծվող թմրանյութերի առնչությամբ: Բանախոսը նկատեց, որ ազատ գոտու ստեղծման դեպքում հարց է առաջանում, թե որքանով Հայաստանը կկարողանա հեռու մնալ այդ վտանգից:
Վարդուհի Ստեփանյան