Այսօր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է
Արթուր Գևորգի Ալեքսանյան (ծնվ. 1991 թ. հոկտեմբերի 21, Գյումրի), հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն (2014), Եվրոպայի եռակի չեմպիոն (2012, 2013, 2014) և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012):
Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր' Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ: 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում: 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիրև աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում:
2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ: Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել): Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ,սակայն պարտվեց բելոռուս Մատվեյ Ձեյնիչենկոյին: 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ:
Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր: Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ: