Սամվել Ալեքսանյանը «Կարֆուրից» չի տուժի
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի անցումային դրույթներում մի քանի ապրանքների ներկրման առանձնահատկություններ են նշված:
Դեռ անցյալ տարի Հայաստանը դիմել էր ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մի քանի տարի մոտ 900 ապրանքների վրա ժամանակավորապես չկիրառել ԵՏՄ մաքսատուրքերը:
Այդ ցանկը վերջերս հաստատվեց, բայց մոտ 150 ապրանքներ հանվեցին: Այդ թվում նաև շաքարը:
Փոխարենը շաքարի վերաբերյալ առանձին հատված է մտցվել անցումային դրույթներում:
Ուսումնասիրելով այդ հատվածը՝ ակնհայտ է դառնում, որ մերոնք շատ ջանասիրաբար են բանակցել և հստակ գծագրել են այնպես, որ մեր հանրահայտ «շաքարի արքան» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, էականորեն մեծացնի իր շահույթները:
Անկհայտ է դառնում, որ եթե «Կարֆուրը» փորձի հայաստանյան հիպերմարկետում ու սուպերմարկետներում վաճառել եվրոպական արտադրության շաքար, ապա դրա գինը մոտ կրկնակի բարձր կլինի «Լֆիկի շաքարից»:
Եվ ուրեմն՝ «Կարֆուրը» ուղղակի ստիպված է լինելու ետ կանգնել իր սկզբունքներից ու իր վաճառասեղաններին դնել երկու տեսակի շաքար՝ տեղական և եվրոպական:
Տեղականը, այսպես ասենք, չի փայլում իր որակով, բայց մոտ կրկնակի էժան է լինելու եվրոպական շաքարից: Իսկ եվրոպականի գինը աստղաբաշխական մաքսատուրքերի պատճառով լինելու է շատ ավելի բարձր ու չի վաճառվի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: