3D ճանապարհորդությունների շարք՝ դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ
«Հայկական գանձեր» նոր ինտերակտիվ նախագիծը ստեղծել է ծրագիր, որը թույլ է տալիս 3D ֆորմատով ճանապարհորդել դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագիծը ներկայացրեցին դրա ղեկավարներ Էմիլ Ստեփանյանն ու Վլադիմիր Սոֆյանը:
«Նախագծի նպատակն է այս շուկայում Հայաստանը ևս պատշաճ ներկայացնել: Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը ճանաչեն որպես «թանգարան բաց երկնքի տակ»: Ծրագրում մենք ներկայացրել ենք Հայաստանի պատմությունն ու մշակույթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը:
Նախագծի ղեկավարները տեղեկացրին, որ ծրագրի ներբեռնելն անվճար է: Անվճար է նաև դեպի Տաթևի վանք 3D ինտերակտիվ ճանապարհորդությունը, իսկ այլ պատմական հուշակոթողներ ճանապարհորդելն արժե 4-5 դոլար: Ներկայումս ծրագրում ներկայացված է 9 եկեղեցի: Բանախոսները հավելեցին, որ «Հայկական Գանձերը» կարելի է ներբեռնել iPhad-ով «Upstore»-ից: Ներկայումս այն հասանելի է միայն iPhad-ի համար, բայց շուտով հնարավոր կլինի նաև անդրոիդներով:
«Մենք բազմամիլիոնանոց Սփյուռք ունենք, որտեղ նոր սերունդն է մեծանում: Նրանք, իհարկե, տարբեր ծրագրերի շրջանակներում գալիս են Հայաստան, բայց մենք ստեղծել ենք ավելի հասանելի միջոց, որ իրենք տեսնեն, թե ովքեր են իրենց նախնինները և ինչ մշակույթ ունեն: Մենք ուզում ենք խթանել նրանց վերադարձն այստեղ»,-նշեց նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:
Վերջինս նշեց նաև, որ ծրագրի նպատակը կոմերցիոն չէ: Այն նպատակ ունի Հայաաստանի մշակույթն աշխարհին ներկայացնելու:
Վարդուհի Ստեփանյան