Ինչո՞ւ Ղազախստանն ու Բելառուսը դեմ չէին որպեսզի Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին որոշ բացառություններով. պարզաբանում է փորձագետը
Մինչև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը, որպես խոչընդոտող հանգամանք դիտարկվում էր Հայաստանի անդամակցության մասով Բելառուսի և Ղազախստանի անհամաձայնությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը փորձեց պարզաբանել, թե ինչու հատկապես Ղազախստանը դեմ չեղավ, որպեսզի Հայաստանն անդամակցի միությանը որոշակի արտոնություններով:
«Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումից մեկ օր առաջ Ղազախստանը հասցրեց ստորագրել իր բոլոր պայմանագրերը ԵՄ-ի հետ: Սրանով Ղազախստանի առջև կանաչ լույս բացվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար, որովհետև ԵՏՄ անդամ երկրներն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցում դժվարություններ ունեն, քանի որ չեն տիրապետում իրենց երկրի արդյունաբերությանը»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ Ղազախստանը ԵՄ կմտնի իր բացառություններով, ահա թե ինչու վերջինս և Բելառուսը դեմ չեղան որպեսզի Հայաստանն էլ իր հերթին անդամակցի ԵՏՄ-ին որոշ բացառություններով:
Խոսքը մասնավորապես այն 800 ապրանքատեսակի մասին է, որոնց համար ցածր մաքսատուրքեր կսահմանվեն: Մինչդեռ, ըստ փորձագետի՝ գնաճն ավելի բարձր կլինի, քան ապրանքների վրա դրված հարկը:
Փորձագետի գնահատմամբ՝ ոչ մի պետություն զուտ տնտեսական շահ հետապնդելով չի անդամակցել ԵՏՄ-ին: Անդամակցությունների գործընթացը փորձագետն ամբողջությամբ քաղաքական է համարում:
Վարդուհի Ստեփանյան