Անցանկալի զեկույցը չհաջողվեց չեղարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության գործադրած ջանքերին, այդուամենայնիվ մեզ համար անցանկալի «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» մերժելի վերնագրով զեկույցը կպատրաստվի անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերի ներկայացմամբ:
Իսկ մինչ այդ երեկվա նիստում Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Քոքսը բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին:
Վերջին ամիսներին գրանցված պատերազմներից (Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը, Գազայի պատերազմը) և Իրաքում ու Սիրիայում բռնությունների աճից բացի, վատթարացել է նաև մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը նախագահող երկրում՝ Ադրբեջանում, հայտարարել է Նիդեռլանդները ներկայացնող պատգամավորը:
«Ամոթ է, որ մի երկիր, որը պատիվ ունի կիսելու այս կազմակերպության անդամակցությունը, օգտագործում է նախագահության իր ժամանակն իր երկրում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը վատթարացնելու համար: Չափազանց շատ կլիներ ակնկալել, որ իրավիճակը բարելավվեր, բայց վատթարացումն ամոթ է»,-նշել է պատգամավորը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: