Ռուբլին աղքատացնում է Հայաստանը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակում է նյարդային վիճակի մեջ պահել հարյուր հազարավոր հայաստանցիների, որոնք ՌԴ-ից դրամական փոխանցումներ են ստանում:
Երեկ առավոտյան Մոսկվայի ֆոնդային բորսայում, սակարկությունները սկսվելուց կարճ ժամանակ անց, երկարժույթ զամբյուղը (0.55 դոլար, 0.45 եվրո) հատել է 44.40 ռուբլու սահմանը, ինչը նոր ռեկորդ է: Բացի այդ, սա այն նիշն է, որը ստիպեց ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու հետագա արժեզրկումը կանխելու համար ինտերվենցիաներ իրականացնել:
Մի բան, որ չէր արվել այս տարվա ապրիլից: Այս անգամ ռուբլու ռեկորդային արժեզրկման առիթ է հանդիսացել «Bloomberg» գործակալության' անցած գիշեր տարածած տեղեկատվությունը, թե ՌԴ Կենտրոնական բանկը երկրից կապիտալի ահագնացող արտահոսքը կանգնեցնելու նպատակով պատրաստվում է սահմանափակել կապիտալի տեղաշարժը: Սա իսկական խուճապ էր առաջացրել ներդրողների շրջանում:
Ու թեև երեկ օրվա ընթացքում Կենտրոնական բանկը հերքեց այդ տեղեկությունը' հետաքննություն սկսելով հիշատակված տեղեկատվության վերաբերյալ, համընդհանուր խուճապը հաջողվեց կանխել միայն այն բանից հետո, երբ ՌԴ ֆինանսների նախարարությունը հրապարակայնորեն անթույլատրելի համարեց կապիտալի տեղաշարժի սահմանափակումը:
Այս հայտարարություններից հետո միայն հաջողվեց իրավիճակը վերահսկել և ռուբլու փոխարժեքը իջեցնել 44.40 ռուբլու միջակայքից ներքև: Սակայն այդ ընթացքում ԿԲ-ն մոտ 600 մլն դոլար էր վաճառել ռուբլու շեշտակի փլուզումը թույլ չտալու համար»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: