Գալուստ Սահակյանի վարած նիստերը վեր են ածվում զավեշտի
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը որևէ կերպ չի կարողանում տեղավորվել ԱԺ նախագահի կարգավիճակում: Համենայն դեպս, նրա կողմից վարվող նիստերը վեր են ածվում զավեշտի: Երեկվա ռեկորդը դարձավ այն, որ նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին անվանեց Մարքրիտ Եսայան, ինչից հետո դահլիճում ծիծաղ պայթեց: Իսկ դրանից առաջ Սահակյանը մոռացել էր քվեարկության դնել նախորդ օրը քննարկված նախագծերից մեկը, և մինչ նիստը վարում էր իր ընկալած տրամաբանությամբ, ԱԺ քարտուղարությունն ստիպված էր միջամտել' խորհրդարանի խոսնակին վերադարձնելով աշխատանքի բնականոն փուլ:
Քարտուղարությունը ևս մեկ անգամ ստիպված էր միջամտել, երբ Սահակյանը հարցերից մեկի քննարկման ժամանակ քննարկումն ուզում էր փակել' պատգամավորներին զրկելով զեկուցողին հարցեր տալու և ելույթներ ունենալու հնարավորությունից: Ստացվել էր զավեշտական վիճակ. չնայած Սահակյանը գտնում էր, որ հարակից զեկուցող, պատգամավոր Արտակ Զաքարյանը պետք է ազատի ամբիոնը, վերջինս հուսահատ կերպով խորհրդարանի խոսնակին փորձում էր բացատրել, որ նա դեռ պետք է հերթագրում հայտարարի' իրեն հարցեր տալու համար: Չնայած նման զավեշտները հաճախ են տեղի ունենում, երեկվա դոզան իսկապես շատ էր:
Իրավիճակը սրվում էր նրանով, որ խորհրդարանի երկու փոխխոսնակները բացակա էին. Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում է, իսկ Էդուարդ Շարմազանովն ինչ-որ տեղ էր գնացել: Ու երբ Շարմազանովը մոտ 50 րոպե ուշացումով դահլիճ մտավ, Գալուստ Սահակյանը րոպե անգամ չսպասեց ու խոսափողը Շարմազանովին փոխանցելով' հեռացավ իր սենյակ, թերևս, օրվա ծանր մեկնարկից մի փոքր ետ գալու: Բայց այս ամենը իսկապես արդեն վեր է ածվում զավեշտի, և անհրաժեշտ է Գալուստ Սահակյանին խորհուրդ տալ, որ ԱԺ նիստի գալուց առաջ պատրաստվի, չի խանգարի նաև ԱԺ կանոնակարգը կարդալ»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: