«Սրիկայի մեկն ա». Ոսկու շուկայի սեփականատերը աշխատակիցներին վախեցնելու տարբեր միջոցներ է ձեռնարկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կազմակերպված ակցիաներից վրդովված՝ Վաղարշ Աբրահամյանը երեկ առավոտ շուտ հայտնվել է ոսկու շուկայում, շրջել, ու վայ նրան, ում սեղանիկը դեռևս բաց չէր կամ աշխատանքի չէր եկել: Վերջին օրերին շուկայի աշխատակիցներն աշխատում են Վաղարշի աչքին չերևալ, նաև փորձում են լրատվամիջոցներից հեռու մնալ. հանկարծ Վաղարշի ականջին հասավ, որ բողոքել են՝ վերջ, տարածքից կզրկվեն:
«Բարև ձեզ, ինչո՞ւ այսօր ակցիային չէիք մասնակցում»: «Հարցեր մի տվեք, թե ինչի չենք մասնակցում, մեզ մի մոտեցեք, մենք այս պահին խուլ ու համր ենք: Ճիշտ կանեք՝ գնաք Վաղարշի մոտ, և ինքը թող բոլոր հարցերի պատասխանը տա՝ ինչ ճնշումների է մեզ ենթարկում»,-ասաց աշխատակիցը՝ բերանից թռցնելով, որ իրենց չեն թույլատրել մասնակցել Ազգային ժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիային:
Նրանցից շատերն էլ ավելացնում էին. «Ի՞նչ խեր տեսանք, որ նախորդ անգամ մասնակցեցինք, մինչև հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու էդ օրվա կորած ապրանքների համար: Հերիք չի կոտրեց, վնաս պատճառեց, մի բան էլ պայմանագրերը խզելու վերաբերյալ փաստաթղթեր է բաժանել և հայտարարել, որ այլևս չի ցանկանում, որ իր շուկայում աշխատենք: Մենք էլ թքած ունենք իրա նման ստոր մարդու վրա: Սրիկայի մեկն ա, մարդ կոչվելու իրավունք չունի: Ինքը գիտի ստրկատեր ա, մենք էլ իր ստրուկներն ենք, ոնց ուզում ա, մեզ բանեցնում ա»:
Պայմանագիրը խզելու վերաբերյալ փաստաթղթերը ոչ կնքված են և ոչ էլ ստորագրված: «Նա բերեց բաժանեց էդ թղթերն ու ասաց, որ պայմանագրերը խզված ա, գնացեք՝ ինչ ուզում եք արեք»,- ասաց վաճառողներից մեկը՝ հավելելով, որ իրենցից շատերը ոչ մի քայլ չեն ձեռնարկի, մինչև շուկայի տերն իրենց ստորագրված և կնքված փաստաթուղթ չտա:
Ինչքան «խորանում» էիր ոսկու շուկայի ներսում, այնքան խոսակցությունները թեժանում էին, մարդիկ շշուկով խոսում էին, թե ինչ վնաս կարող է իրենց պատճառել այդ չարաբաստիկ օրենքը: «Վաղարշը մեզ ասել է՝ եթե գնանք, բողոքի ակցիաների մասնակցենք, մեզ այլևս շուկայում սեղանիկ չի տա: Մեզ թերթիկներ էլ բաժանեց, որով ուզում էր էն չմասնակցողների աչքը վախեցնել, թե տեսեք-տեսեք՝ նույն օրն էլ դուք կընկնեք»,-ասաց մեկ ուրիշը: «Մեզ վախեցնելու տարբեր միջոցներ է ձեռնարկում, նույնիսկ, եթե ինքը չի շրջում, իր աշխատակիցներին է ուղարկում, որ տեսնի, թե ով չի եկել աշխատանքի»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: