Մեր ազգային հերոսները
Հայաստանն ունի 15 ազգային հերոս:
Հայրենիքի բարձրագույն պարգեւին արժանացած գործիչները տարբեր ծառայություններ են մատուցել երկրին:
Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Յուրա Պողոսյանը ազգային հերոսի կոչումը նվաճել են ռազմի դաշտում աձնազոհաբար պաշտպանելով մեր անկախությունն ու ազատությունը:
Մոսոն էն բացառիկ կերպարներից է, որի անունը սերտորեն ասոցացվում է անկախության հետ. նա առաջիններից էր, ով 1989թ-ի մայիսի 28-ին Ազատության հրապարակում բարձրացրեց Հայոց Եռագույնը:
Մոնթեն հուր կրակ էր, որ խորհրդանշում է մեր հերոսամարտում ազգային միասնության գաղափարը:
Թաթուլը՝ «հրացանակիր ուսուցիչը», դարձել է անառիկ Գետաշենի խորհրդանիշը: Թաթուլի էս լուսանկարը խորհրդանշում է ազատության եւ ապագայի կապը: Նրա դուստրը չհասցրեց կարգին ճանաչել հորը, բայց նա ու իր սերնդակիցները Թաթուլի սխրանքի շնորհիվ հնարավորություն ունեցան ապրել ազատ Հայաստանում:
Հերոսների այս հնգյակին կարող էին միանալ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշ, եւ Վիտյա Այվազյանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել 88-ի շարժմանը, երկրապահ ջոկատների կազմավորմանը: Այս երկու արժանավոր հայորդիները, սակայն, ընկան 1990-ին՝ հայի դավադիր կրակոցներից:
Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրավմամբ ազգային հերոս են եւ մեր պատմության ամենավառ անհատականություններ: «Կառուցենք եւ պաշտպանենք»՝ այսպես էր հնչում երկու մեծ հայորդիների ստեղծած դաշինքի կարգախոսը: Հզոր եւ Արժանապատիվ Հայաստանը խորհրդանշող այս երկու այրերը դարձյալ դավադիր փամփուշտների զոհ դարձան:
Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգայինի, հոգեւորի եւ բարոյականության ներդաշնակությունն է, ազգանվեր ու նմանը չունեցող հոգեւորական:
Աշխարհառչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը, հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը, բարերարներ Ալեք Մանուկյանը եւ Քըրք Քըրքորյանը խորհրդանշում են մեր ու աշխարհի կապը:
Հ.Գ.- Ազգային հերոսների շարքում նվաստացուցիչ է տեսնել խորհրդային կայսրության վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը: Անպատվաբեր է հերոսի կոչում տալ մի գործչի, ով եղել է մեր անկախությունը ոչնչացրած կայսրության կարեւոր դերակատար: Ռիժկովի «հերոսացումը» հնարավոր եղավ հայ-ռուսական վասալային հարաբերություների ձեւավորման հետեւանքով: Արժանապատիվ Հայաստանում՝ մենք նման հերոներ չենք ունենա:
Սուրեն Սուրենյանց, Ֆեյսբուք