Բնապահպանության նախարարության թիրախում են հայտնվել ՓՀԷԿ-երը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԷԿ-երի բիզնեսը, արտեզյան հորերի, հանքերի անխնա շահագործումն աղետ են դարձել Հայաստանի համար: Բոլորովին վերջերս ՀԷԿ-երը բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի «ուշադրության» կենտրոնում են հայտնվել.
նախարարը սեպտեմբերի սկզբին բնապահպանների ու մասնագետների հետ նախարարությունում «Փոքր ՀԷԿ-երի խնդիրները ՀՀ-ում» թեմայով խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ նոր մոտեցումներ են ցուցաբերելու, առավել խիստ են լինելու խախտումների ու չարաշահումների նկատմամբ:
Այս խորհրդակցության ժամանակ Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանն ուսումնասիրություններ էր ներկայացրել, ըստ որի՝ վերջին 4 ամսում իրականացվել են 18 փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ-եր) ստուգումներ, կազմվել են 1,7 մլն դրամի վարչական տուգանքի որոշումներ, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվել է մոտ 474 մլն դրամ: Ըստ նրա տվյալների, թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերի ՓՀԷԿ-երը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: