Դեռևս պարզ չէ, թե ինչ հարցեր առաջ կքաշվեն հանրահավաքի օրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվ այսպես' երկարատև քննարկումներից հետո քառյակից սահուն կերպով եռյակի վերածված ԱԺ ոչ իշխանական ուժերն, ի վերջո, որոշեցին խոստացված միասնական հանրահավաքի օրը: Այն կկայանա հոկտեմբերի 10-ին, ճիշտ այն օրը, երբ Մինսկում նախատեսվում է Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը։
Դժվար է պատկերացնել, որ «թեժ աշնան» բոլոր օրերից այլևս ոչ այդքան «հրաշալի» և ոչ էլ Քառյակի ներկայացուցիչները հենց այդ օրը պատահաբար են ընտրել: Թեև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ԵՏՄ-ին անդամակցության հարցը «ընդհանրապես այսօրվա ամենակարևոր հարցը չէ», այդուհանդերձ' քիչ հավանական է, որ ԵՏՄ-ի հարցը չլինի հանրահավաքային ելույթների օրակարգում:
Ընդ որում, նկատենք, որ հոկտեմբերի 10-ին նախանշված այս երկու իրադարձությունների հետ կապված էլ առայժմ բովանդակային որոշակիություն չկա: Մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե եռյակն ինչ պահանջներով և ինչ հայեցակարգով է սկսելու հանրահավաքային պայքարը, արդյոք լինելու է ամբողջական իշխանափոխության կամ կառավարության հրաժարականի պահանջ, թե եռյակն առայժմ բավարարվելու է իր 12 կետանոց պահանջագրի վերաձևակերպմամբ: Ավելին' չի բացառվում, որ մինչև հոկտեմբերի 10-ը լինեն նոր անակնկալներ' սահմանադրական բարեփոխումների հետ կապված «ժառանգության» դիրքորոշման մասով»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: