Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու ԱՄՆ-ում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում' Հայաստանի և արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում:
Քննարկումը, ըստ նույն աղբյուրի, վարելու է Միջազգային և հանրային կապերի դպրոցի դեկան, Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մերիթ Ե. Ջեյնոուն: Միջոցառումը տեղի է ունենալու Հարիմանի ինստիտուտի հովանավորությամբ:
Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է գտնվելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: Նստաշրջանը բացվել է երեկ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության' ամենամյա քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 24-ին, ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը:
Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այդ օրը նախատեսված են ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուգանդայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Հայաստանի, Լիբերիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի և Էստոնիայի նախագահների, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի և Ավստրալիայի վարչապետների ելույթները:
Քննարկումները, որոնց մեկնարկից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրներին է ներկայացնելու ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը, նախատեսված են մինչև հոկտեմբերի 1-ը»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: