Ռուբեն Հակոբյանին կասկածում են իշխանության հետ գործարքի գնալու մեջ
«Առավոտ» թերթը գրում է. «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց 3 կետերից կազմված իրենց պայմանը՝ իշխանություններին, որը կատարելու դեպքում կհամաձայնեն մասնակցել քննարկումներին և փոխել Սահմանադրությունը: Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ընդդիմությանը տալ վերահսկողական լուրջ լծակներ և 2016թ.-ի գարնանը համապետական ընտրություններ անել՝ բարեփոխված Սահմանադրությամբ:
Այս կետերը լսելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դուրս եկավ սրահից և ասաց, որ տրամադրությունն ընկել է: «Առավոտը» հարցրեց՝ դավաճանությո՞ւն եք համարում Ռուբեն Հակոբյանի այդ պայմանները, անակնկա՞լ էր սա ձեզ համար: Նա պատասխանեց. «Հերթական անգամ ես տեսա, որ մեղկ ու կրակ է ազգս, քան որոշում կայացնողները»: Մեր հարցին՝ գործարքի կասկածնե՞ր ունեք՝ նա պատասխանեց. «Գործիչ կա, իշխանությունը վերարտադրում է, այդքան բան, ուրիշ ոչինչ»:
Մեզ հետ զրույցում իշխանության հետ գործարքի մասին Ռուբեն Հակոբյանն ասաց. «Եթե մենք հստակ, փաստարկված ներկայացնում ենք իրավիճակը, ասում ենք՝ պայմաններ կան, որոնք այսօր խոսում են այն մասին, որ քեզ՝ իշխանություն, չի կարելի վստահել, այս պայմաններն իրականացնես՝ մենք կմտնենք քննարկման դաշտ, եթե դրանով մենք նպաստում ենք իշխանության վերարտադրմանը՝ ես այստեղ ձեռնպահ կմնամ: Շատ-շատ եմ կասկածում, որ այս մեր առաջարկությունները իշխանությունը կանի»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: