ՊՆ-ն հերքում է մինչև վերջին շունչը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին պաշտոնապես հաստատեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչի՝ 1961 թվականին ծնված Սարգիս Անանյանի՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու լուրը: Մինչ այդ, օգոստոսի 26-ից ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել էր ՀՀ քաղաքացու գերեվարվելու տեղեկությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն, ինչպես միշտ, հերքման տեքստերով ողողել էր լրահոսը: Մինչև Ադրբեջանի ՊՆ-ն չներկայացրեց սահմանախախտի նկարը, տվյալները, Հայաստանի ՊՆ խոսնակը շարունակում էր վրդովված հերքման տեքստեր հրապարակել:
Երեկ, երբ ողջ լրահոսը հեղեղված էր Սարգիս Անանյանի մասին տեղեկություններով, Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ ճշգրտումներ էր անում, և մինչև օրվա վերջ պաշտոնական որևէ տեղեկություն չկար: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության, Հայաստանի քաղաքացի, 53-ամյա Սարգիս Նորիկի Անանյանն օգոստոսի 26-ին անօրինական հատել է սահմանը: «Անանյանը սահմանը հատել է Ղազախի շրջանի Քամառլի գյուղի սահմանի ուղղությամբ և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ պաշտպանության առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներից մեկի զինծառայողների կողմից:
Նախնական քննության արդյունքում բացահայտվել է, որ Անանյանը դժգոհ է Հայաստանում սոցիալական վիճակից: Իր ոտքի խնդիրների պատճառով նա 10 տարեկանից կրթություն չի ստացել և զինվորական ծառայության համար պիտանի չի ճանաչվել, ծանր վիճակի պատճառով հարկադրված է եղել վարձու աշխատանք կատարել: Ձերբակալվածի խոսքերով՝ Հայաստանում սոցիալական վիճակն այնպիսին է, որ իր համագյուղացիների մեծամասնությունը մտադիր է անցնել Ադրբեջան և այնտեղ ապաստան փնտրել: Հայաստանի ձերբակալված քաղաքացին ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո, նրա հետ վարվում են միջազգային իրավունքով սահմանված կանոններին համապատասխան»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: