Ոչ բացառում եմ, ոչ էլ պնդում, որ Քոչարյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական ամենատարեց պատգամավոր, նաև Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ անցած Մկրտիչ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, Դուք կիսո՞ւմ եք Քոչարյանի գնահատականը, թե մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունի, մինչդեռ իր ղեկավարման տարիներին, ըստ իրեն, Հայաստանն առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել, տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի միջև, ինչն էլ հանգեցրել է աղքատության զգալի կրճատման, և որ զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն:
- Դե, բաներ կան, որոնց հետ հնարավոր չի չհամաձայնել, այսինքն, այդ ժամանակ իսկապես տարիներ են եղել, որ մենք երկնիշ աճ ենք ունեցել, բայց չպիտի մոռանանք, որ, 2008 թվականից սկսած, երկրագնդի վրա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում տեղի են ունեցել ու մինչև այսօր ունենում են պրեցեսներ՝ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերը, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ տնտեսության զարգացման վրա, այդ թվում՝ Հայաստանի: Այնպես որ, նրա գնահատականները միանշանակ չեն: Ինչ վերաբերում է նրա կասկածներին՝ մեր տնտեսության զարգացման հեռանկարների առումով, ապա մենք էլ ենք ասում, որ հրաշքներ չեն լինում, բայց միանշանակ է, որ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվելու են, որպեսզի տնտեսությունն ավելի արդյունավետ գործի:
- Քոչարյանի պաշտոնավարման տարիներից խոսում եք ճգնաժամի մասին, այսօր էլ նույնը, բոլոր երկրներում դա անցել է…
- Ոոոչ, Քոչարյանի ժամանակ որևէ ճգնաժամ, և այն էլ այդպիսի խորությամբ, չի եղել:
- Բայց Քոչարյանը դա ոչ թե ճգնաժամով, այլ տնտեսության մենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակով է պայմանավորում և, իբրև ելք, սրանց դեմն առնելու տարբերակ նշում:
- Ես կարծում եմ, որ դաշտում առանձնապես մեծ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչ եղել է նախկինում, մեծահարուստները կամ այն մարդիկ, որոնք մեծ հնարավորություններ ու լայն լծակներ ունեն և լուրջ բիզնեսով են զբաղվում, իր ժամանակին էլ են նրանք եղել, և առանձնապես նոր անուններ, նոր միջավայրեր և նոր կենտրոնացումներ ես, ճիշտն ասած, չեմ նկատել:
- Ուզում եք ասել, որ հենց ի՞նքն է այդ ամենի կնքահայրը, և նա՞ է հիմքերը դրել:
- Եվ անգամ իր պաշտոնավարումից առաջ:
- Պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր վերադարձը և դա կապում է հանգամանքների հետ, ի՞նչ են մտածում այդ մասին ՀՀԿ-ում:
- Գիտեք, էդ հանգամանքներն ինքը պետք է ասի, թե ինչ նկատի ունի, բայց այն մտավախությունը, որ ՀՀԿ-ն այդ ժամանակ կարող է երկփեղկվել, ես այդպիսի մտավախություն չունեմ, որովհետև շատ լավ ճանաչում եմ և խորհրդի անդամներին, և տարածքային կազմակերպությունների աշխատակիցների հետ եմ շփվում, մենք նման մտավախություն չունենք, այստեղ ուրիշ խնդիր կա՝ որպեսզի մեր կուսակցությունն առավել արդյունավետ գործի, և դրանք են մեր կուսակցության և երկրի նախագահի հիմնական հարցադրումները: Իսկ վերադարձի առումով ես չեմ ուզում կանխատեսում անել, կգա ժամանակ՝ հանրությունն իր վերաբերմունքը ցույց կտա, մենք էլ, որպես կայացած ուժ, մեր վերաբերմունքը ցույց կտանք»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: