Ղարաբաղյան կոնֆլիկտը սխալ է ներկայացնել որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտ. Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թեև այսօր ԼՂՀ անկախության օրն է, մինչդեռ ԼՂՀ անկախությունը հարցը մինչև այսօր դե ֆակտո լուծված չէ:
«Այդ ժամանակվանից դրված խնդիրը միայն դե ֆակտո է լուծված, ցավոք սրտի Հայաստանի դիվանագիտական մեր մարմինները չկարողացան բերել նրան, որ գործընթացը դե յուրե տեղի ունենա: Դա կարող էր տեղի ունենալ դեռևս 1992 թվականին, մինչդեռ գործընթացն այդպես էլ ձգձվեց»,-նշեց բանախոսը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի`մենք մեր սխալ քաղաքական պահվածքի դրսևորման պատճառով վիճակը հասցրել ենք այնտեղ, որ Ադրբեջանն այսօր մեզ իր պայմաններ է առաջարկում, մինչդեռ, եթե Ադրբեջանն ունենար հայկական կողմի փաստարկների 10 %-ը, ապա մենք լիովին զրկված կլինեինք ձայնի իրավունքից:
Բանախոսն ընգծեց նաև այն միտքը, որ մեր կողմից սխալ էր Ղարաբաղյան կոնֆլիկտը դուրս բերել ադրբեջանա-ղարաբաղյան կոնտեքստից և ներկայացնել որպես հայ-ադրբեջանական կոնֆիկտ:
Ըստ բանախոսի`հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն բոլոր միջազգային ծրագրերի մեջ Արցախի ընդգրկմանը:
Վարդուհի Ստեփանյան