Արևմուտքը լիդեր չունի, իսկ Պուտինին կանգնեցնելը գնալով էլ ավելի է դժվարանում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ երկու օրերի իրադարձությունները ակնհայտ դարձրին, որ արևմտյան աշխարհը՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, չունեն մի հարցի պատասխան՝ ինչպե՞ս կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պատժամիջոցների արդյունավետության հարցում Արևմուտքը սխալվել է։ Գուցե եթե փարիզյան խանութներում 3 օր թթվասեր չլինի, զանգվածային անկարգություններ սկսեն։ Բայց 2000թ. իշխանության գալով՝ Պուտինը Ռուսաստանը դրել է բոլորովին ուրիշ ռելսերի վրա։
Տասնամյա ալան-թալանը զզվեցրել էր ռուսներին, ու նրանք երազում էին Ստալինի ժամանակների մասին, որ թեկուզ իրենք վատ էին ապրում, բայց իրենցից վախենում և իրենց հետ հաշվի էին նստում։ Վլադիմիր Պուտինը հենց այս քաղաքական գծի կրողն ու իրագործողն է։ Նա ի սկզբանե նպատակադրվել ու այսօր էլ շարժվում է որպես Ռուսաստանի մեծապետական ամբիցիաների իրագործող, և ինչպես երևում է՝ ռուսաստանցիները պատրաստ են թեկուզ կիսասոված մնալ, միայն թե իրենց մուռը հանեն աշխարհից։
Այս իմաստով ժամանակակից Ռուսաստանը շատ նման է ստալինյան ԽՍՀՄ-ին։ Իսկ Ստալինի ժամանակներում Չերչիլ կար, Ռուզվելտ կար, դը Գոլ կար, և համաշխարհային քաղաքականության այս հսկաները հազիվ կարողացան Ստալինին կանգնեցնել Բեռլինի մատույցներում։ Հիմա Պուտինը շատ ավելի սիրված է շարքային եվրոպացիների շրջանում, գուցե նաև այն պատճառով, որ հիմա ոչ դը Գոլ կա, ոչ էլ Չերչիլ։ Ոչ էլ Ամերիկայում Ռուզվելտ,իսկ սա ստեղծում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։
Արևմտյան աշխարհը լիդեր չունի։ Ու այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, այլ կերպ, քան արևմտյան աշխարհի խայտառակություն, դժվար է որակել։ Նրանք փաստորեն ռուսական արջի բերանը տվեցին Ուկրաինան, ու հիմա հեռվից արջին սպառնում են, որ կզրկեն մեղրից»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: