Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Ուելսում. Ջեյմս Ուորլիք
«Հայաստանում և Ադրբեջանում հակամարտությունը ոչ ոք այնքան լավ չի հասկանում, որքան երկու նախագահները: Նրանք են որոշումներ կայացնողները, իսկ Մինսկի խմբի առաջադրանքը նախագահներին մերձեցնելն է և միմյանց կողքին նստեցնելը»,- նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը, ով հարցազրույց է տվել «Թուրան» գործակալությանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:Այս մասին հայտնում է Regnum.ru-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ օգոստոսի 10-ին` Սոչիում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նկատել է, որ կողմերը հաստատել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ Փարիզում հանդիպելու ցանկությունը: Սակայն մինչ այդ, հնարավոր է նրանց հանդիպումն արդեն հաջորդ շաբաթ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:
«Դա արդեն կախված է նախագահների ցանկութունից: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է անձամբ իր դերը խաղալ հակամարտության կարգավորման հարցում, եթե նրա մասնակցությունը կարող է օգնել կարգավորման հասնելուն»,- նշել է Ուորլիքը:
Վերջինիս խոսքով ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բանակցություններ են տարվում նաև ՌԴ-ի հետ, չնայած կան մի շարք բարդ հարցեր: