Ընտանիքը դեռևս կապ չի հաստատել Հակոբ Ինջիղուլյանի հետ
Ինչպես հայտնել էինք Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր:
Այս մասին տեղեկություններ իմանալու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց ԿԽՄԿ-ի հետ, որի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատեց լուրը:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Հակոբի եղբոր`Հարություն Ինջիղուլյանի հետ, ով կիսվեց իր ունեցած տեղեկություններով:
«Ինչպես մեզ հայտնել է ԿԽՄԿ-ն` օգոստոսի 26-ին եղբայրս տեղափոխվել է երրորդ երկիր: Նրանց փոխանցմամբ` եղբորս մոտ ամեն բան կարգին է: Թե որ երկիր է նա տեղափոխվել, մենք չգիտենք, դեռևս կապ չենք հաստատել նրա հետ»,-ասաց Հարություն Ինջիղուլյանը:
Մեր թղթակցի այն հարցին, թե իրավունք ունի արդյոք Հակոբը վերադառնալ հայրենիք, Հարությունը պատասխանեց` միայն եղբոր ցանկության դեպքում, որը բնականաբար յուրաքանչյուր հասկացող մարդ ցանկանում է:
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը նշեց նաև, որ մեկ տարվա ընթացքում իրենք չեն կարողացել կապ հաստատել եղբոր հետ: Միակ հնարավորությունը նամակագրական կապն է եղել:
Կարինե Գևորգյան