ԿԽՄԿ-ի պաշտպանության բաժնի պատվիրակը` Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկիր տեղափոխվելու մասին
Ինչպես հայտնել էինք, Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Operativ.am-ի թղթակիցը մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
«Օգոստոսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Ադրբեջանում գտնվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանը լքել է Ադրբեջանը և տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ ռազմագերուն այլ երկիր տեղափոխելը, համաձայն միջազգային ստանդարտների` նրան այցելել են ԿԽՄԿ պատվիրակները, որի մասին հայտնել ենք նաև Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքին»,-ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը:
Այն հարցին, թե որ երկիր է տեղափոխվել Ինջիղուլյանը և հնարավոր է արդյոք, որ նա վերադառնա հայրենիք, Յարմակը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ միայն կարող է հայտնել վերը նշվածի մասին:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Կարինե Գևորգյան