Սիրիահայերին օգնություն է անհրաժեշտ ինքնապաշտպանվելու համար
Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը և նույն խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանն անդրադարձան Սիրիայի ներկա իրավիճակին ու հայերի անվտանգությանը: Նրանք նշեցին, որ Սիրիայի հայերի վիճակը գնալով վատանում է, իսկ տրամադրվող օգնությունն էլ չի բավականացնում նրանց: Արմենակ Աբրահամյանը նշեց, որ բացի հայկական կառույցներից սիրիահայերին օգնություն են ցուցաբերում նաև այլ կառույցներ: ԱՄՆ-ն և Ֆրանսիան ևս մեծ գումարներ են տրամադրել, որոշակի խնդիրներ լուծելու համար, սակայն նրա խոսքով, նրանց իսկ կողմից հրահանգված է, որպեսզի այդ օգնությունը նրանց տրամադրվի միայն զինադադարից կամ խաղաղության հաստատումից հետո, բնակարաններ վերանորոգելու և այլ հարցերի համար:
«Հայկական ընտանիքները միայնակ են Սիրիայի մեջ, անօգնական և օժանդակություն չեն ստանում։ Այստեղ հավանաբար ինչ-որ սխալմունք կա։ Եթե Հայաստանից օգնություն է գնում, այն շատ քիչ ընտանիքների է հասնում»,-ավելացրեց նա:
Տիգրան Փաշաբեզյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր սիրիահայությունը փորձում է նախ գոյատևել, ապա փոքր-ինչ օժանդակություն ստանալ։ «Նրանց նաև միջոցներ է անհրաժեշտ ինքնապաշտպանությունն ապահովելու համար, իսկ խնդրի մասին չպետք է մտածեն միայն բարեգործները»,-ասաց Փաշաբեզյանը: