Սարգիս Հացպանյանը՝ 2015-ի ապրիլի 24-ին Թուրքիայի պատվիրակության Հայաստան ժամանելու հետևանքների մասին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո վերջինիս է հանձնել ՀՀ նախագահի 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան ժամանելու հրավերը:
Կարծիքներն այն մասին, թե կգա արդյոք Էրդողանը Հայաստան, թե ոչ, բազմազան են: Շատ փորձագետներ հավանական են համարում թուրք որևէ պաշտոնյայի այցը Հայաստան, բայց ոչ Էրդողանի: Այս առնչությամբ համակարծիք չէ հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:
«Ոչ միայն հնարվոր է, այլ դեռ այն գլխից Թուրքիայի պլան «Բ»-ն էր: Ենթադրենք, որ Էրդողանը եկավ Հայաստան, եկեք մտածեն, թե ի՞նչ պիտի ասի Հայաստանը: Ի՞նչ են շահում և կորցնում կողմերն այս դեպքում: Ես վստահ կարող եմ ասել, որ այցից կշահի միայն Թուրքիան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հրապարակախոսը:
Վերջինիս կարծիքով Թուրքիայի վարկանիշը որպես մարդասիրական երկրի կբարձրանա միջազգային հանրության աչքում, իսկ Հայաստանն այլևս ձայն չի ունենա խոսելու Թուրքիայի կոշտ քաղաքականության մասին:
Հացպանյանի գնահատմամբ, թեև հրավերը մեր կողմից է արվել, բայց մենք դեռ պատրաստ չենք Թուրքիայի նման քայլին:
Վարդուհի Ստեփանյան