Արտգործնախարարի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը որևէ ձևով չի նվաստացնում Հայաստանին. Գառնիկ Իսագուլյան
ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Արարողությունից հետո արտգործնախարարը Էրդողանին է հանձնել ՀՀ նախագահի հրավերը՝ 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու համար: Արտգործնախարարի այց Թուրքիա միանշանակ չընդունվեց: Շատերը դեմ արտահայտվեցին այցնի:
«Նման իրադարձությանը մասնկացություն ունենալը կարևոր էր: Պետությունը որոշում է, թե ինչ մակարդակով մենք կմասնակցենք երդմնակալության արարողությանը: Չեմ կարծում, որ այստեղ կարևոր է, թե Էրդողանն ինչ է ասել իր նախընտրական քարոզարշավում: Արտգործնախարարի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը որևէ ձևով չի նվաստացնում Հայաստանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ դրական գնահատելով Հայաստանի նման դիվանագիտական քայլը:
Ըստ նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի՝ այս անգամ Հայաստանի օրակարգը ճիշտ էր ընտրված: Անդրադառնալով ՀՀ նախագահի Էրդողանին արված հրավերին՝ բանախոսը նշեց, որ չի բացառում թուրք պաշտոնյաների կողմից Հայաստան կատարվելիք այցը, մինդչեռ անձամբ Էրդողանի այցելությունը քիչ հավանական է:
Վարդուհի Ստեփանյան