Նազարբաևի հայտարարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղազախական Tengrinews լրատավական գործակալության փոխանցմամբ, Մինսկում կայացած գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ղազախ լրագրողներին տված բրիֆինգում ասել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում հանդիպելու են Մաքսային միության երկրների ղեկավարները, որի ընթացքում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարցը: Ահա այս տեղեկատվությունը հիմք ընդունելով' երեկ ողջ լրատվական դաշտն արդեն հեղեղված էր Հայաստանի առաջիկա անդամակցության մասին վերլուծություններով ու մեկնաբանություններով:
Մինչդեռ հիշեցնենք, որ տակավին վերջերս' Սոչիում կայացած հայտնի հանդիպումից հետո տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, Հայաստանի' այս տարի ԵՏՄ-ին անցամակցելու վերաբերյալ հարցին պատասխանել էր բառացիորեն հետևյալ կերպ. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երևի ստորագրման մասի՞ն է…. Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք»:
Այսպիսով' մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին խոսք չի կարող լինել, և աշնանը նախատեսվում է ընդամենը պայմանագրի ստորագրումը: Սակայն, չգիտես ինչու, անգամ իշխանական քարոզչամեքենան առավել արժանահավատ է գնահատում Ղազախստանի նախագահի' վերը նշված հայտարարությունը' մոռանալով Սերժ Սարգսյանի ասածի մասին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այօրվա համարում: