Կադրային ջարդ տուն-ինտերնատում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատի նորանշանակ տնօրեն Արտակ Հարությունյանը տուն- ինտերնատում կադրային ջարդ է սկսել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս անխտիր աշխատանքից հեռացնում է նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին:
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդ Կարեն Ավագյանը' փորձելով իր հարազատ հորեղբորորդուն' ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին, կարգել այդ պաշտոնում: Սակայն նրա ջանքերն ապարդյուն անցան:
Եվ ահա տուն-ինտերնատում ստեղծված իրավիճակի հետ կապված զրուցեցինք Արտակ Հարությունյանի հետ:
-Ինչո՞ւ եք կադրային ջարդ սկսել տուն-ինտերնատում:
-Ինձ մոտ կրճատում չունեմ և, առհասարակ, նման խնդիր չկա:
-Ասում են, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին եք հատկապես հեռացնում:
-Բացարձակապես նման խնդիր չկա: Նվեր Հովհաննիսյանի որդին ինձ մոտ է աշխատում:
-«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ձեր հայրը Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկն է: Տպավորությունն այնպիսին է, որ Ձեզ մոտ ժառանգաբար է հոգեբուժարաններում պաշտոն ստանալը:
-Նման բան չկա:
-Այդ դեպքում, Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակել տնօրենի պաշտոնում:
-Իմ գիտելիքների:
-Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Վարդենիսի տուն-ինտերնատում 450 բնակիչներին ընդամենը մեկ հոգեբույժ է սպասարկում: Ի՞նչ եք պատրաստվում անել խայտառակ իրավիճակը փոխելու համար:
-Մինչև ամսվա վերջ, սեպտեմբերի սկիզբ այդ հարցը կկարգավորեմ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: