Լոմոնոսովի անվան համալսարանի հայկական մասնաճյուղը գործելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուներիս հաշվին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում վերջին պահին օրակարգում ընդգրկվել էր Հայաստանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ հիմնադրելու և վերջինիս գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Բնականաբար, կառավարությունը մեծ խանդավառությամբ ընդունել է այդ որոշումը:
Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարան բացելն ինքնին լավ իրադարձություն է, եթե այդ համալսարանը գործի իրավահավասար պայմաններով: Բայց Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ հիմնադրելու համաձայնագրում այս առումով ուշագրավ է հատկապես ֆինանսավորման խնդրին վերաբերող հատվածը:
«Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս մասնագետների նյութական ապահովումն իրականացվելու է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության բյուջեի և ներգրավված այլ միջոցների, Համալսարանի կողմից գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի և այլ մասնագետների նյութական ապահովման կանոնների մասին արձանագրությանը համապատասխան, որը համարվում է համաձայնագրի անքակտելի մասը:
Մասնաճյուղ գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի և այլ մասնագետների նյութական ապահովման հաշվի մեջ են մտնում աշխատավարձը, գործուղման ծախսերը, պարտադիր վճարների փոխհատուցումը, Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիաչվերթի տոմսերի վճարումը, նշված է համաձայնագրի 8-րդ հոդվածում: Ինչպես նկատեցիք, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հայկական մասնաճյուղը գործելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուներիս հաշվին, ինչպես ՀՀ-ում գործող մյուս պետական բուհերը:
Դժվար չէ կռահել, որ ռուսական բուհի դասախոսները չեն աշխատելու նույն դրույքաչափով ինչ հայկական բուհերի դասախոսները: Այսինքն՝ աշխատավարձերը լինելու են զգալի բարձր, քան Հայաստանում է: Այստեղ կարևոր է ևս մեկ հանգամանք որքանո՞վ են այդ ծախսերն արված, և արդյո՞ք կա նման բուհի պահանջարկ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: