Բոլորն էլ ձախողել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը' անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա բոլորին ստիպել միանգամից դուրս գալ ստվերից, դա որակել է որպես «կապիտուլյացիա» և «ձախողման մասին խոստովանություն»: Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, նախօրեին մասնակցելով «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը' պատանիների հետ զրույցում ասել էր. «Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարության համար, հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք:
Բայց որ գնալու ենք դրան և կամաց-կամաց վերացնելու ենք, ես դրանում ուղղակի համոզված եմ»: Ստվերի դեմ պայքարի այս երկարաձգումն էլ հիմք է տվել Զուրաբյանին պնդելու, որ Աբրահամյանի գործունեությունը տապալվել է. «Հիմա պարզվում է, որ դրա համար իրականում պետք է ոչ թե հուլիսի 1-ը (Աբրահամյանի ի սկզբանե նախանշած վերջնաժամկետը «Ժ.»), այլ պետք է շատ երկար ժամանակ: Ուղղակի իր ձախողվածությունը, պարտությունը փորձում է ինչ-որ ձևով մեղմացնել: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը հավատա այս հեքիաթներին»,- նշել է Զուրաբյանը:
Ինչ խոսք, ՀԱԿ խմբակցության ղեկավարը միանգամայն իրավացի է. երբ հրապարակավ խոստումներ են տրվում և վերջնաժամկետներ նշվում, դրանից հետո որևէ արդարացում չի կարող հավատարժան լինել: Այս ճշմարտությունը, սակայն, գործում է նաև ընդդիմության գործելաոճի դեպքում: Մասնավորապես' երբ ընդդիմությունն առաջադրեց 12 կետանոց պահանջները և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ կառավարությունը չի պատրաստվում առնվազն ընդդիմության առաջին պահանջը կատարել, ոչ իշխանական քառյակը փոխանակ հակադարձելուն ուղղված քայլեր ձեռնարկեր' հայտարարեց, թե իրենք իրենց խոսքը կասեն սեպտեմբերին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: